Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Լիվերպուլի» կազմում, թեև համացանցում մեր հայրենակցի մասին ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը դեռևս չեն հստակվում, իսկ որոշ աղբյուրներ նշում են նաև գերմանական «Բորուսիայի» անունը: Վերջին օրերին ջուր պղտորողներ շատ եղան` սկսած «Շախտյորից», որի կազմում էր Մխիթարյանը, վերջացրած «Անժիով», որի սեփականատեր Սուլեյման Քերիմովը, ըստ խոսակցությունների, արդեն իսկ Հենրիխից մերժում էր ստացել այս տարվա ձմռանը: Իրականում «Շախտյորը» իրավունք չուներ խոչընդոտելու Հենրիխին` տեղափոխվելու մեկ այլ թիմ, եթե ֆուտբոլիստը ցանկանում է դա, և որոշակի պայմանի շուրջ կողմերը համաձայնության են գալիս: Սակայն ոմանց ջանքերով ինտրիգների ցանց էր հյուսվել Մխիթարյանի շուրջ, ու բանը հասավ այնտեղ, որ «Շախտորից» ապատեղեկատվություն էին տարածում «Լիվերպուլի» կողմից Հենրիխի տրանսֆերը գնելու գրեթե անհնարինության ու նույնիսկ Հենրիխին տուգանելու հավանականության վերաբերյալ: Ի դեպ, սկզբում խոսվում էր 25 մլն եվրոյի, հիմա հաղորդվում է մոտ 30 մլն-ի մասին: Եթե սա ճիշտ է, ապա կարելի է մտածել, որ շախտյորական խաղերը հասան իրենց նպատակին` ավել հինգ միլիոնը «փոր չի ծակի», մանավանդ, եթե «գնորդը» պատրաստ է վճարելու, իսկ Հենրիխի խաղը գուցե և ավելին արժե: Մեզ մնում է ուրախանալ, որ մեր հավաքականի կիսապաշտպանը եվրոպական թիմում է հանդես գալու և մաղթել նրան ֆուտբոլային ռեկորդներ առաջիկայում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ